Առաջինից մինչև յոթերորդ գլուխներ
Ես կարդում եմ Ջեմս Գրինվուդի <<Փոքրիկ Շրջմոլիկը>> գիրքը։ Այն յոթ տարեկան Ջիմմի անունով մի տղայի մասին է, ում մայրիկը ծանր հիվանդ էր և հանկարծակի մահանում է։ Ջիմմին սարսափելի գիշեր է ունենում այդ օրը, երբ իրեն չեն թողնում մայրիկի սենյակ բարձրանալ։ Ողջ գիշեր լաց է լինում և հորը խնդրում մայրիկին տեսնել, իսկ հայրն ամեն բան խոստանում է, միայն թե տղան քնի։ Տղան շարունակ հարցնում է, թե երբ է մայրիկը վերադառնալու։ Հայրն ասում է՝ երբեք, սակայն Ջիմմին երբեք բառը չի հասկանում, թե դա որքան ժամանակ է։ Մայրիկը հաճախ էր ասում, որ երբեք չի ների հայրիկին, սակայն շուտով ներում էր։ Դրա համար նա կարծում էր, որ երբեքը մի քանի օր է, մի շաբաթ կամ մինչև երեկո։
Մայրիկի մահից հետո Ջիմմին սկզբի շրջանում այնքան էլ չէր մտածում նրա մասին։ Փողոցի բոլոր մայրերը խղճում էին նրան և ամեն կողմից քաղցրավենիք էին տալիս։ Մի օր նա այնքան էր կերել, որ փորը սաստիկ ցավում էր։ Նույնիսկ բժիշկ կանչեցին։ Բոլորն ասում էին, որ նա շուտով կմեռնի և ավելի էին խղճում նրան։ Մինչև թաղման օրը տղան չէր հասկանում սգո արարողություների իմաստը։ Տանը եռուզեռ էր։ Բոլորը փաղաքշում էին նրան։
Բոլորի համար մայրիկը մահացել էր ուրբաթ օրը, իսկ իր համար նա մահացավ երեքշաբթի՝ թաղման օրը, երբ նա տեսավ, թե ինչպես չորս մարդ մայրիկին իջեցրին փոսը։ Հենց այդ ժամանակ նա հասկացավ, թե ինչ են նշանակում մահ, դագաղ և երբեք բառերը, իսկ գերեզմանափորերն իր համար դարձան մայրիկին սպանողները։ Թաղումից հետո հայրիկին տարան գարեջրատուն։ Ջիմմին էլ գնաց, սակայն շոգին չդիմանալով դուրս եկավ և վազեց տուն։ Երբ տուն մտավ և տեսավ կիսաբաց սենյակի պատի լույսը, կարծեց թե մայրիկն է վառարանի մոտ կրակին փայտ ավելացնում։ Երբ ներս մտավ, տեսավ որ իրենց հարևանուհի պեպենոտ Միսիս Բերկն է։ Նա երիտասարդ այրի էր։ Ջիմմին զզվում էր նրա կարմրաշեկ մազերից և պեպեններից։ Նրան թվում էր, թե նա կեղտոտ ու անմաքրասեր կին է, եթե լվացվի, կանցնեն այդ բծերը։ Միսիս Բերկը միշտ բարեհամբույր է եղել իրենց հետ, սակայն նա միշտ զզվել է նրանից և ոչինչ չի կերել նրա հյուրասիրություններից։ Միսիս Բերկը մաքրել էր ամբողջ տունը, ճաշ պատրաստել, պլպլացրել մոմակալը, բերել իր սպասքը և հիմա էլ քնեցնում էր իր փոքրիկ քույրիկին։ Երբ հայրիկը տուն եկավ, Միսիս Բերկը սկսեց հոգ տանել նրա մասին։ Հետո սկսեց գլուխ գովալ, թե այդքան գործ անելուց բացի նա չորս պարկ է կարել և գումար աշխատել, մինչդեռ Ջիմմին գիտեր, որ ընդամենը մեկն է կարել, այն էլ իրեն ստիպել է պահել մոմակալը։ Նա ձևացնում էր, թե արտասովոր կին է և զարմացնում հայրիկին։ Այսպես ամիսներ շարունակ հայրիկը նրան գումար էր տալիս, որպեսզի առևտուր անի, երեխաներին կերակրի և ընթրիք պատրաստի իր համար։ Միսիս Բերկն ամբողջ որը չարչարում էր Ջիմմին՝ ստիպելով նրան մաքրել տունը և պահել քույրիկին, իսկ հայրիկի տված գումարով օղի էր գնում իր համար և մի կտոր ոսկոր, որ ցույց տա, թե երեխաների ճաշի մնացորդն է։ Հայրիկը վստահում էր Միսիս Բերկին, իսկ Ջիմմիյին՝ երբեք։ Ջիմմին փորձում էր հորը պատմել ճշմարտությունը, որ ինքը սոված է մնում, որ իրեն ծեծում է նա և չարչարում, բայց հայրը չէր հավատում տղային։ Մի օր էլ նրանք հայտարարեցին, թե ամուսնանում են։ Ամենավատն այն էր, որ հայրը ստիպեց Ջիմմիին նրան մայրիկ ասել։ Ամուսնությունից հետո ավելի վատ օրեր էին սպասվում։ Փոքրիկ քույրիկը պետք է քներ Ջիմմիի սենյակում և եթե նա գիշերն արթնանում և լացում էր, ապա Ջիմմին ծեծ էր ուտում, եթե նրա ձայնը ժամանակին չէր կտրում։ Մի օր էլ, երբ Միսիս Բերկը ծեծում է Ջիմմիին, նա կծում է նրա ձեռքը և փախչում տանից։